Չինական Վիշապներ` եվրոպականների նախնիներ…. Իրո՞ք….


Փորձեցի համատեղել երկու էություն...!!!

    Չինական վիշապները մեծ տեղ են զբաղեցնում չինական առասպելա-
բանության մեջ: 

    Հեքիաթներում նրանք միշտ հանդես են գալիս որպես չար, արյունարբու և ուղղակի ագահ արարածներ, որոնք շատ են սիրում երիտասարդ գեղեցկուհի արքայադուստրերով սնվել:

  Ամենևին  այլ են չինական վիշապները, չնայած, գիտնականների կարծիքով, նրանք հանդիսանում են եվրոպականների նախնիները:

  Չինաստանում` Երկնատակում, վիշապը, որպես կանոն, եղել է բարի, մարդկանց նկատմամբ բարյացակամ: Սրա համար չինացիները սիրել են իրենց վիշապներին և նրանց բարձր պատվի արժանացրել:

   Կայսեր բազմաթիվ տիտղոսների մեջ ամենապատվավորը «կենդանի վիշապ» տիտղոսն էր: Կայսերական գահը կոչվում էր «վիշապի աթոռ»: Պետության գերբի վրա աչքի էր զարնում վիշապը:

  Ըստ ավանդության` Չինաստանի առասպելական տիրակալ Ֆուսին պաշտոնյաների համար տարբեր կարգեր ու կոչումներ է սահմանում և յուրաքանչյուր դասի համար նշանակում հատուկ վիշապ-հովանավորի: Այսպես, ամենաբարձր` յոթերորդ կարգի պաշտոնյայի տոնական խալաթը զարդարում էր ոսկեթելով ասեղնագործված լուն-վիշապը, որի ամեն թաթին կար հինգ մագիլ:

   Դրանից ցածր աստիճան ունեցող պաշտոնյաների խալաթներին ասեղնագործված էր ման-վիշապը, որի յուրաքանչյուր թաթն ուներ չորս մագիլ, և այլն:

   Վիշապները տարբերակվում էին ոչ միայն ճիրանների թվով: Վիշապային հիերարխիայի ամենաբարձր աստիճանին կանգնած էին թռչել իմացող վիշապները: Նրանց ենթակայության տակ էին գտնվում վիշապ-ոգիները: Այնուհետև գալիս էին երկրային վիշապները: Նրանք մի ժամանակ թռչել իմացել են, սակայն ինչ-ինչ պատճառներով կորցրել են այդ ունակությունը:

   Ցուցակը փակում էին ստորգետնյա վիշապները, որոնց պարտականության մեջ էր գանձերի պահպանումը:

   Սակայն սա դեռ բոլորը չէ: Չինացիները վիշապներին բաժանում են`
ա) ըստ գույների. դեղին` խուան, կանաչ` ցին, կարմիր` չժու, սպիտակ` բայ, և սև` սյուան,
բ) թեփուկավոր` ցզյաո,
գ) պոզավոր` ցյու,
դ) առանց պոզերի` նի:

      Այս բաժանումները եղել են ավելի մանրամասն, օրինակ` ամպային անկոտոշ վիշապ` յուն-չի, ամպային կոտոշավոր վիշապ` յուն-ցյու:

   Երկնատակի բնակիչներին քաջ հայտնի էին վիշապը և նրա վարքագիծը: Այստեղ հետաքրքիր կլինի մեջբերել վիշապի նկարագրությունը մի հին բառարանից: 1-ին դարի «Շովեն» բառարանը վիշապի մասին պատմում է հետևյալը. «Վիշապը թեփուկային էակներից ամենաերկարն է: Կարող է անհետանալ, կարող է հայտնվել, կարող է բարակել, կարող է հսկայական դառնալ… Գարնանային գիշերահավասարի օրը թռչում է երկինք, աշնանային գիշերահավասարի օրը` սուզվում անդունդի մեջ»:

   «Վիշապը ձմեռային քուն է մտնում: Եթե վիշապը ձմռանը չքնի, ցուրտը նրան կսպանի»:

   «Վիշապն ունի եղնիկի եղջյուրներ, ուղտի գլուխ, ճագարի աչքեր, ցուլի ականջներ, օձի պարանոց, ծածանի թեփուկներ, արծվի մագիլներ, վագրի թաթեր»:

   «Վիշապը կարող է ուղղորդել ամպերը և անձրևը: Նա ներշնչում է օդ, արտաշնչում` ամպ»: Երևի սա նրա ամենակարևոր հատկանիշներից մեկն է. վիշապները ղեկավարում են տարերքները` անձրևը, քամին, հեղեղումները: Եթե վիշապները միմյանց հետ կռվի են բռնվում, երկրի վրա սարսափելի հեղեղ է թափվում: Եթե, երկնքում գտնվելով, վիշապը ցանկանում է ջուր խմել, նա դեպի իրեն է քաշում ջուրը, և ծովի վրա հսկայական ալիքներ են բարձրանում ու մրրկասյուն է առաջանում:

   Հնուց ի վեր վիշապները չինացիների համար սովորական էակներ են եղել: Հին պատմիչ Սիմ Ցյանի վկայությամբ, որոշ ընտանիքներ նույնիսկ վիշապներ էին պահում ու մեծացնում: «Ոմն Դուն, որը գիտեր վիշապին կերակրելու և ընտելացնելու գաղտնիքը, կայսր Շունից (մ.թ.ա. 2255 – 2204 թթ. ) ստանում է «վիշապ կերակրող» տիտղոսը»:

   Ահա և մեկ այլ պատմություն. «Երբ Կուն Ցզյա տիրակալը գահ բարձրացավ, երկնքից նրա մոտ իջան երկու վիշապ: Կուն Ցզյան չգիտեր, թե նրանց ինչպես պահել, և ոմն Լյու Լեյի տեսուչ է նշանակում»: Սակայն այս Լյու Լեյը խաբեբա է դուրս գալիս, վիշապների հետ վարվելաձև չի իմանում, և էգը շուտով սատկում է: Լյու Լեյին մահապատժի են ենթարկում, մի նոր տեսուչի են գտնում, որն ավելի փորձառու էր: Արդյունքում որձ վիշապը «շուտով նորից դառնում է ուրախ ու կայտառ, աշխույժ խաղում է ջրավազանում: Կուն Ցզյան շատ էր սիրում վիշապին կերակրել»:

   Ոչ միայն հասարակ մարդիկ, կայսրերը, մանդարինները, զորավարները, գրողներն ու նկարիչները, այլ նաև լուրջ գիտնականներն էին հավատում այս բարի հրեշների գոյությանը և նույնիսկ կարող էին դա տրամաբանորեն ապացուցել: «Վիշապների ժամանակակիցներից» մեկը` Վան Չունը, այսպիսի դատողություն էր անում.

   «Վիշապը ձև ունի: Եթե ձև ունի, ուրեմն կարող է շարժվել: Եթե շարժվում է, ուրեմն պետք է սնվի: Եթե սնվում է, ուրեմն նյութական բնույթ ունի: Նյութական բնույթ ունեցող էակն իրական է»:

   Բազմաթիվ ու բազմազան վիշապներ են եղել` հսկաներից մինչև շատ փոքր: Պատմում էին նույնիսկ ճկույթի չափ վիշապի մասին:

   Հետաքրքիր է նշել նաև այն փաստը, որ Հայկազունների դրոշին վիշապ է պատկերված եղել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s